ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը տապալելու մեջ: Այդ մասին Թրամփն այսօր հայտարարել է Ֆլորիդա նահանգի Մար–ա–Լագոյի իր կալվածքում ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելուց հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի հետևում, իսկ ես գիտեմ։ Դա Թուրքիան է, լա՞վ։ Թուրքիան է կանգնած դրա հետևում։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը–խմբ.) շատ խելացի մարդ է»,– ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողություններին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: