ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Ռուս դիվանագետի խոսքով` Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների ամրության փորձություն են անցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասաց ռուս դիվանագետը։
Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։
Դեկտեմբերի 20-ին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, Կոպիրկինի խոսքով, կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր և մի շարք հարցերի վերաբերյալ կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև կնքված պայմանագրերը:
Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նույնպիսի միջոցառում կայացել է Ռուսաստանում։
ՀՀ-ին և ՌԴ-ին միավորում է բուժծառայությունների բարձր որակի ապահովման ձգտումը. նախարար