Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Արբեջանի հետ համագործակցությամբ. պատգամավոր

Էբրահիմ Ռայիսիի դիմանկարը
Իրանի խորհրդարանի պատգամավորը կասկածի տակ է դրել երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Այս հայտարարությունն արել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:
«Երկրի ներսում նպատակահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- ասել է նա։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվեց մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է մառախուղի խիտ զանգվածի հանկարծակի առաջացումը: Դրա հետևանքով ուղղաթիռը բախվել է լեռանը։