Մեքսիկայում անհայտ անձինք հարձակվել են ավտոմեքենայի վրա, սպանել քաղաքապետին և ևս 3 մարդու

«Մորենա» կուսակցության թեկնածու Խեսուս Ֆրանկո Լարագան քաղաքապետ էր ընտրվել հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգի Տանկանուից դե Սանտոսի քաղաքապետ Խեսուս Ֆրանկո Լարագան սպանվել է անհայտ անձանց զինված հարձակման ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Universal թերթին։
Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, երբ մեքենան, որում գտնվել են քաղաքապետը և ևս 3 մարդ, շարժվում էր Տամասունչալե-Սյուդադ Վալյես ճանապարհով:
«Զինված անհայտ անձանց խումբը կրակ է բացել տրանսպորտային միջոցի ուղղությամբ... Տանկանուիցի քաղաքապետ Խեսուս Ֆրանկո Լարագան և ևս 3 մարդ, որոնք նրա հետ եղել են մեքենայում, մահացել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահները և շրջափակել տարածքը:
Թերթի տվյալներով՝ «Մորենա» կուսակցության թեկնածու Խեսուս Ֆրանկո Լարագան քաղաքապետ էր ընտրվել հունիսին:
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի դեմ մահափորձին Թեհրանի մասնակցության մեղադրանքները
Աղբյուրի տվյալներով՝ հոկտեմբերին Ազգային գվարդիան Տանկանուից դե Սանտոս քաղաքում լայնածավալ անվտանգային ստուգում է անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել է ոստիկանության առնվազն 6 աշխատակից, որոնք չունեին ոստիկանի կարգավիճակը և հրազեն կրելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Հոկտեմբերին Universal թերթը հայտնել էր, որ Մեքսիկայի Չիլպանսինգո դե լոս Բրավոյի քաղաքապետ Ալեխանդրո Արկոս Կատալանը սպանվել է պաշտոնը ստանձնելուց գրեթե մեկ շաբաթ անց: Թերթի տեղեկություններով՝ նրա մարմինը հայտնաբերվել է գլխատված։