Ինչպես էր Հայաստանը վերջին տարիներին առևտուր անում Սիրիայի հետ. գերիշխողը մեկ ապրանք էր

Հայաստանից արտահանման մեջ գերակշռում էր ծխախոտը, իսկ Սիրիայից ներմուծումը փոքր ծավալով էր՝ որպես կանոն, գերակշռում էր դեղորայքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Թեև Հայաստանն ու Սիրիան մշտապես եղել են բարեկամ երկրներ, սակայն նրանց միջև առևտուրը երբեք ակտիվ չի եղել։ 2016 թվականին (ՊԵԿ կայքում հրապարակված ամենավաղ տվյալները) արտահանումը ՀՀ-ից կազմել է 28.2 մլն դոլար, որից ծխախոտը կազմել է 28 մլն դոլար:
2023 թվականին արտահանումը կրճատվել է մինչև 10,3 մլն դոլար, որից ծխախոտը կազմել է 10,2 մլն դոլար։ Ընդ որում, Հայաստանը մեծ ծավալներով ծխախոտ է արտահանում ոչ միայն Սիրիա, այլև արաբական մի շարք այլ երկրներ։
Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը․ ԱԳՆ
2024 թվականի առաջին կիսամյակում արտահանումը կազմել է մոտ 8,3 մլն դոլար՝ բացառապես ծխախոտ։ Սիրիայից ներմուծումը մնացել է փոքրածավալ՝ 2016 թվականի 600 հազար դոլարից մի փոքր քիչ, որից դեղորայքը կազմել է 260 հազար դոլարից մի փոքր ավելի, իսկ մնացած ապրանքները՝ 100 հազարական դոլարից քիչ: 2023 թվականին ներմուծումը կազմել է 490 հազար դոլարից մի փոքր քիչ, որից 86 հազար դոլարը բաժին է ընկել ձիթապտղի յուղին, 70 հազար դոլարը՝ երեսպատման սալիկներին, 24 հազար դոլարը՝ դեղորայքին: 2024-ի առաջին կիսամյակում ներմուծումը կազմել է 381 հազար դոլար, դեղերը կրկին կազմել են մեծագույն մասը (188 հազար դոլար)։
Տարիների ընթացքում առևտրի ծավալը տատանվել է։ Օրինակ, 2017-ին Հայաստանից արտահանումը 28 մլն դոլաից հասել է 50 մլն դոլարի, բայց գրեթե ամբողջությամբ՝ ի հաշիվ ծխախոտի։ 2017 թվականին Սիրիայի մեծ մասը զինյալներից ազատագրելուց հետո տեղի է ունեցել Հայաստանի կառավարական պատվիրակության տնտեսական բլոկի այցն այդ երկիր, իսկ հայկական բիզնեսը մեկ-երկու անգամ մասնակցել է Դամասկոսում անցկացվող արդյունաբերական ցուցահանդեսներին:
Ինչպիսին կլինեն ցուցանիշները 2024 թվականի արդյունքներով՝ դեռ վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ վերջին իրադարձությունների ֆոնին առևտրի ոլորտում ակտիվություն պետք չէ սպասել։