ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար Ասադի վարչակազմի տապալմանը:
«Թուրքիան նման գործընթացի մաս չի կազմել»,-ասել է նախարարը, գրում է Ekonomil թերթը:
Բացի այդ, Ֆիդանը հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է թուրքական կողմի հետ հանդիպումից` չնայած Անկարայի բազմաթիվ փորձերին և երրորդ երկրների միջնորդությանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: