ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ընդգրկվել է Նոր տարվա օրերին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված ուղղությունների հնգյակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ավիասեյլս» ավիատոմսերի գնման ծառայության հետազոտությանը։
Ծառայության տվյալներով` Ամանորի արձակուրդն արտերկրում անցկացնող ռուսաստանցիների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում աճել է 4 տոկոսային կետով և կազմել է 29 տոկոս։
«Ամենաշատ ամրագրումները բաժին են ընկել Թաիլանդին (11 տոկոս), Ուզբեկստանին (10 տոկոս), Թուրքիային (8 տոկոս) և Հայաստանին (7 տոկոս): Ռուսաստանցիները թռիչքներ են նախատեսում նաև ԱՄԷ, Ղազախստան, Բելառուս (6-ական տոկոս) և Վրաստան (5 տոկոս): Հաջորդում են Ինդոնեզիան և Չինաստանը (4-ական տոկոս)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետազոտության համաձայն` միջին հաշվով ռուսները արձակուրդ են ամրագրում 10 օրով, իսկ Թաիլանդում և Ինդոնեզիայում հանգստացողները նախատեսում են մնալ 17 օրով: Ընդ որում` ավիատոմսերի 12 տոկոսը բաժին է ընկնում երեխաներ ունեցող ուղևորներին։ «Ամենաընտանեկան» ուղղություններն են ԱՄԷ-ն, Թաիլանդն ու Վիետնամը. յուրաքանչյուր հինգերորդը երեխաների հետ է մեկնելու այդ երկրներ։
Հիշեցնենք` Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ է այցելել 2 079 381 զբոսաշրջիկ, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (2 195 288) քիչ է 115 907-ով։ Այցելուների թվով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը. ՌԴ–ից Հայաստան է այցելել 892,2 հազար մարդ (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 43 տոկոսը): Երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանը (243,1 հազար) և Իրանը (163,8 հազար): ԱՄՆ-ն և Հնդկաստանը զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները` համապատասխանաբար 57,1 հազար և 38,6 հազար զբոսաշրջիկներով: