ԵՄ երկրները չեն պայմանավորվել Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին

Պատժամիջոցների սահմանման համար անհրաժեշտ է կոնսենսուս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Պատժամիջոցների սահմանման համար մեզ, ցավոք, միասնություն է պետք, որն առայժմ չկա», - հայտարարել է նա:
ԵՄ պաշտոնյան հաստատել է, որ վրացական ղեկավարության դեմ անհատական պատժամիջոցներն արգելափակել են Հունգարիան և Սլովակիան: «Վրացական երազանք» կուսակցության դեմ պատժամիջոցներին դեմ են արտահայտվել նաև Լյուքսեմբուրգը և մի շարք այլ երկրներ:
Հիշեցնենք, որ Վրաստանում նոյեմբերի 28-ին բողոքի ակցիաներ են սկսվել՝ ի պատասխան ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու իշխանությունների որոշման: Հանրահավաքները պարբերաբար անցկացվում են երկրի տարբեր քաղաքներում, սակայն Թբիլիսիում դրանք համակարգված և մասշտաբային բնույթ են ստացել։
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է. ԵՄ դեսպան
Բողոքի ակցիաներում տիրող մթնոլորտը փոխվել է դեկտեմբերի 4-ին ընդդիմության գրասենյակներում իրականացված խուզարկություններից և մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, հակագազեր, «Մոլոտովի կոկտեյլներ», համակարգիչներ և այլ իրեր առգրավելուց հետո: Ակցիաների ժամանակ կատարված անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 150 ոստիկան։ Ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ ավելի քան 300 մարդ (ցուցարարներ և լրագրողներ) ուժայինների կողմից ենթարկվել է բռնության և դաժան վերաբերմունքի: