ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով` միությանն անդամակցության շնորհիվ մենք կարողացել ենք զարգացրել տեքստիլ արտադրանքը, որը մեծ պահանջարկ ունի հատկապես ՌԴ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի Հանրապտության առևտրաշրջանառությունը 2024 թ.–ի 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։
Նրա խոսքով` 2015 թվականին` միությանն անդամակցելու սկզբնական շրջանում, ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է ընդամենը 300 մլն դոլար։
«Մեր երկրից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ հիմնականում արտահանվում են գինիներ, կոնյակ, գյուղատնտեսական ապրանքներ, արդյունաբերական ու տեխնոլոգիական արտադրանք։ Միությանն անդամակցության շնորհիվ մենք կարողացել ենք զարգացրել տեքստիլ արտադրանքը, որը մեծ պահանջարկ ունի հատկապես ՌԴ–ում»,– նշեց փոխնախարարը։
Հովակիմյանի խոսքով` ԵԱՏՄ–ն կայացել է որպես հաջողված ինտեգրացիոն միություն. ԵԱՏՄ անդամակցությամբ ՀՀ–ն մուտք է գործել ավելի քան 185 մլն սպառող ունեցող շուկա, ինչը նշանակում է ավելի շատ հնարավորություններ մեր արտադողների, արտահանողների ու տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել էր, որ ԵԱՏՄ մանրածախ առևտրի շրջանառությունը 2024 թ.–ի 1–ին երեք եռամսյակների ընթացքում աճել է գրեթե 8 տոկոսով, ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 4,5 տոկոս: Մոտավորապես նույնքան աճել է նաև արդյունաբերական արտադրությունը, ուղևորափոխադրումներն աճել են գրեթե 7,5 տոկոսով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ունի իրացնելու ԵԱՏՄ-ում. Արամյան