ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
ՆԳՆ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին ձերբակալության լուրը` առանց անուններ նշելու։
«Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի կերպով թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված»,–հայտնեցին ոստիկանությունից` հավելելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արագածոտնի մարզում լարված և տագնապային տրամադրություններ են, անգամ մարզպետարանի աշխատակիցներն են վախենում գնալ աշխատանքի։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Euromedia24-ը կապ էր հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, սակայն մարզպետը նշել էր, որ տեղյակ չէ իր օգնականի հետ կատարվածից։