Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 15-ի ժամը 10.10-ից, հայտնում է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։
Ավելի վաղ այդ անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել էր Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Մարդատար տրանսպորտի և ավտոբուսների համար երթևեկությունը թույլատրվել է դեկտեմբերի 14-ին ՝ Երևանի ժամանակով 12:30-ից:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանն էլ հայտնել է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: