Նիկիտա Սիմոնյանը ՌՀՄ-ի կողմից մրցանակ է ստացել «Ազգի հպարտություն» անվանակարգում

Խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Պավլովիչն իր 98 տարեկանում նախանձելի աշխատունակություն է պահպանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի ականավոր գործիչ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է Ռուսաստանի հայերի միության կողմից սահմանված «Համաձայնություն» մրցանակին: Ինչպես հաղորդում է կազմակերպության Telegram-ալիքը, մրցանակը հանձնվել է «Ազգի հպարտություն» անվանակարգում:
Հոկտեմբերին Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է դարձել, բայց շարունակում է ամեն օր աշխատանքի գալ. նա Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է: Պարգևատրման արարողությունից մեկ օր առաջ պլանային վիրահատություն է տարել։
Նիկիտա Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ է, այդ թիմի հետ մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (160 գնդակ): Աշխարհի առաջնություններում ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակն է (Շվեդիայում 1958 թ.-ին): Հաջողությունների է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, իսկ 1973 թվականին Երևանի «Արարատին» հաղթանակի է տարել ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում: