Սրտանոթային հիվանդները պետպատվերի շրջանակում դեղն անմիջապես դեղատնից ձեռք կբերեն

Դեղատուն
Մինչ այս բուժառուները պետպատվերի շրջանակում դեղեր ստանում էին տեղամասային պոլիկլինիկայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Դեղերի գնման նոր համակարգ է ներդրվելու հաջորդ տարվանից, այն առաջինը կիրառվելու է սրտանոթային հիվանդությունների համար։ Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դեղորայքի համար ֆինանսական փոխհատուցումը տրամադրվելու է անմիջապես դեղատանը, հիվանդն ինքն է դեղատանը որոշելու, թե որ երկրի արտադրության դեղորայքն է ցանկանում ձեռք բերել։ Սա նշանակում է, որ հիվանդը ստիպված չի լինելու պետպատվերի շրջանակում նախատեսված դեղորայքը ստանալ տեղամասային պոլիկլինիկայից, արդյունքում՝ ստիպված լինել բավարարվել հենց այն երկրի արտադրության դեղորայքով, որը տվյալ պոլիկլինիկայում է տրամադրվում։ Նախարարի խոսքով՝ երբ պոլիկլինիկան դեղի գնման մրցույթ է հայտարարում, լինում է հաղթող, միշտ ստեղծվում է իրավիճակ, երբ լինում են այլ կարիքներ, որոնք հնարավոր չի լինում հասցեագրել։
«Մեզ համար կարևոր էր, որ պետության յուրաքանչյուր գումարը հասնի շահառուին»,- նշեց նախարարը։
Ըստ նրա՝ առողջության համապարփակ ապահովագրությունն այս բոլոր հարցերը ծածկելու է, սակայն մինչ այդ նման քայլեր են ձեռնարկվում։ Պետք է լինի բժշկի ցուցում և էլեկտրոնային դեղատոմս, արդեն դեղատանը քաղաքացին կորոշի՝ ցանկանում է պետության տրամադրած փոխհատուցման շրջանակում դեղորայք ձեռք բերել, թե գումար ավելացնել և, օրինակ, այլ երկրի արտադրած ավելի թանկ դեղորայք գնել։
«Սահմանելու ենք դեղերի ցանկ, որոնք պետք է գնանշվեն։ Կուսումնասիրվի տվյալ դեղի ներմուծման արժեքից սկսած օբյեկտիվ շահույթ հետապնդելու կտորը, գին կսահմանվի մեր կողմից գնման համար։ Քաղաքացին, երբ մոտենում է դեղատուն, ասում է, օրինակ, իրեն անհրաժեշտ է ասպիրին։ Դեղատունն ասում է՝ այս ցանկից ունեմ 4 տիպի ասպիրին։ Առաջին տարբերակի գինը 100 դրամ է, որը պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է, մյուսը, օրինակ, 120 դրամ է։ Քաղաքացին ընտրում 120 դրամը, 100 դրամը տալիս է պետությունը, 20 դրամն էլ քաղաքացին է վճարում»,- բացատրեց նախարարը:
Ավանեսյանը շեշտեց՝ որոշումն առաջիկայում կընդունվի, էլեկտրոնային ամբողջ համակարգն արդեն պատրաստ է, հունվարից կգործարկվի։
Նա նշեց, որ հետագայում հիվանդությունների ցանկը կընդլայնվի։
ՀՀ ԱՆ–ն շարունակում է աղի օգտագործման դեմ պայքարը. Անահիտ Ավանեսյանը հայտնեց` ինչպես