Իրանը սցենարներ է քննարկում, գուցե համաձայնության գա Սիրիայի շիաների հետ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետը նշում է, որ Սիրիայի վերաբերյալ որոշ հարցերի շուրջ Ռուսաստանի ու Իրանի շահերը կարող են համընկնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը, առնվազն փորձագիտական շրջանակներում, սցենարներ է քննարկում ու գուցե փորձի համաձայնության գալ Սիրիայի շիաների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
Նշենք, որ ԻՀՊԿ-ն դեկտեմբերի 12-ին դատապարտել էր Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը: ԻՀՊԿ հայտարարությունում նաև ասվում էր, որ Իսրայելն ու նրա հետևում կանգնած ԱՄՆ-ն չարաշահում են Սիրիայում տիրող անկայունությունը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էլ դեկտեմբերի 11-ին ուղերձ էր հղել, որտեղ ընդգծել էր՝ Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է։
«Դեռևս պարզ չէ, թե Սիրիայում ում է պատկանում իշխանությունը, չնայած ֆորմալ առումով կա նոր կառավարություն։ Մենք կարող ենք միայն պնդել, որ Սիրիայի կառավարումը որոշակիորեն անցել է էրդողանական վարչախմբին և հիմնական ուղերձներն էլ ուղղված են դեպի Թուրքիա և Էրդողան։ Ինչ վերաբերում է դիմադրության առանցքի պահպանությանը, ապա այդ մասով իրանական կողմում, առնվազն փորձագիտական շրջանակներում, տարբեր սցենարներ են քննարկվել և քննարկվում։ Չի բացառվում, ո իրանական կողմը որոշակի համաձայնության կարող է գալ շիաների կամ նրանց առաջնորդների հետ։ Խոսքը հիմնականում 2,5 մլն բնակչություն ունեցող ալավիներին է վերաբերում»,- նշեց Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ ալավիական բնակչությունն առանց առաջնորդության է մնացել (Ասադները ալիվիներ են-խմբ.), ու այդ համատեքստում Իրանը կարող է այնտեղ սեփական արբանյակ ուժեր ստեղծել պրոքսի կառույցի տեսքով։
Անդրադառնալով սիրիական զարգացումների մասով իրանական դիրքորոշումների համատեքստում մեկ այլ կարևոր խնդրի, որը վերաբերում է նաև ալավիական շրջանների նկատմամբ վերահսկողությանը, իրանագետը նշեց, որ դա բխում է նաև ռուսական կողմի շահերից։ Հենց այդ շրջաններում են տեղակայված թե՛ օդանավակայանը, թե՛ Տարտուսի ռազմակայանը, որը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Ոսկանյանի պնդմամբ՝ իրանական փորձագետները կարծում են, որ այս մասով կարող է ռուս-իրանական շահերի համընկնում լինել։
Դժվար թե հաջողվի պահպանել Սիրիայի միասնականությունը. Մեդվեդև
«Սա չի նշանակում, որ իրանցիները չեն փորձելու աշխատել նաև Սիրիայում փաստացիորեն իշխանություն ստանձնած անձանց հետ։ Դա կլինի մոտավոր այնպիսի սցենարով, ինչպիսին մենք տեսանք թալիբանի պարագայում, չնայած այն հակաիրանական հռետորաբանությամբ ուժ էր։ Կարծում եմ, որ Սիրիայի դեպքում մի փոքր ավելի դժվար կլինի, որովհետև թալիբանի դեպքում Աֆղանստանի ներսի ազգային ուժի հետ գործ ունեին։ Սիրիայի պարագայում, առնվազն ռազմական հաջողության «դափնեկիրը» թուրքական պրոքսի ուժն է, որն ակնհայտ ահաբեկչական կազմավորում է»,- ասաց իրանագետը։
Նա նշեց, որ իրանական կողմն ամեն դեպքում օգտագործելու է իր ունեցած բոլոր խողովակներն ու կապերը՝ պահպանելու իր ազդեցությունը գոնե այն հատվածներում, որոնք իրենց համար կենսական նշանակություն ունեն։ Փորձագետը վստահեցրեց՝ Իրանը չի հուսահատվել և շարունակելու է իր աշխատանքները՝ ելնելով սեփական շահերից։
Ոսկանյանը շեշտեց, որ Սիրիայի համար կարող է երկու սցենար լինել։ Դրանցից մեկի դեպքում Թուրքիան և Իսրայելը կարող են պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիան փաստացիորեն սեփական ահաբեկչության գոտիների բաժանելու հարցում։ Երկրորդ սցենարի դեպքում էլ՝ 50/50 հավանականությամբ Թուրքիան և Իսրայելը կարող են բախվել միմյանց։
«Այնուամենայնիվ, թուրքական կողմը Սիրայում հեշտ կյանք չի ունենալու, դա միանշանակ է․ քրդական հիմնահարցը կա, որևէ մեկն էլ չի կարող երաշխավորել, որ Թուրքիայի պրոքսի ուժերը չեն կարող դառնալ այլ խաղացողների ազդեցության տակ գտնվող ուժեր»,- ասաց իրանագետը։
Ոսկանյանը խոսեց նաև տեղի ունեցող իրադարձություններում ամերիկյան ազդեցության մասին։ Նրա պնդմամբ՝ հենց այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը բախվում են։ Ըստ նրա՝ արդեն իսկ տեղեկություններ կան, որ թուրքական բանակը միջամտում է զանազան գոտիներում քրդերի դեմ մղվող մարտերին։ Երկրի հյուսիսում, հյուսիսարևելյան հատվածներում նավթաբեր գոտիներ են և դրանց նկատմամբ թուրքական կողմի վերահսկողությունն ԱՄՆ շահերից չի բխում։
Եզրափակելով՝ իրանագետը նշեց, որ Սիրիայում այժմ այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուր 10 անձ 1 ավտոմատով կարող են իրենց համարել իշխանության հավակնորդ։ Այդ համատեքստում կարող են ներքին բախումներ և երկարատև ու արյունալի քաղաքացիական պատերազմ լինել։