Ի՞նչ կարող է պատահել Սիրիայում. պատասխանը շատ հստակ է՝ ինչ ասես

Եթե փորձեք ամփոփել սիրիական բոլոր սցենարները, որոնք շարադրում են քաղաքագետներն ու վերլուծաբանները, երևի մի հաստափոր գիրք կստացվի։
Sputnik
Եվ ամենազարմանալին այն է, որ նման դեպքերում չեք կարող բացառել նույնիսկ ամենաանհավանական վարկածները, քանզի Սիրիան աշխարհի հնագույն երկրներից մեկն է, և միայն 20-րդ դարում սկզբից մաս է կազմել Օսմանյան կայսրության, հետո դարձել է Սիրիայի արաբական թագավորություն, այնուհետև օկուպացվել է Ֆրանսիայի կողմից, դրանից հետո Եգիպտոսի հետ համատեղ ստեղծել է Արաբական Միացյալ Հանրապետություն և վերջապես հռչակվել Սիրիայի Արաբական Հանրապետություն։
Ինչպես տեսնում ենք, մեր օրերում էլ անսպասելի զարգացումները շարունակվում են՝ դեռ երկու շաբաթ առաջ որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որի անունը հայաստանցիների 99 տոկոսը հաստատ երբեք չէր էլ լսել, սրընթաց արշավ կձեռնարկի և փաստորեն առանց որևէ լուրջ դիմադրության կգրավի Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Հոմսը և Լաթակիան։ Այնուհանդերձ դա Սիրիայի տարածքի ընդամենը մի մասն է, և ուրեմն չի կարելի մի կողմ նետել այն տեսական սցենարները, որոնք ակտիվորեն շրջանառվում են Հայաստանում՝ Սիրիան կտրոհվի, Սիրիան այլևս գոյություն չի ունենա, Սիրիան կդառնա Թուրքիայի նահանգ և այլն…
Ամերիկյան շոկ. հասարակությո՞ւնն է հիվանդ, թե՞ առողջապահական համակարգը
Նույն հաջողությամբ մեր տարածաշրջանի վերաբերյալ նույնպես կարելի է զուտ տեսական սցենարներ ներկայացնել։ Օրինակ, Հարավային Կովկասի երեք հանրապետությունները մոտ 100 տարի առաջ գոյություն ունեցող Անդրֆեդերացիայի նմանությամբ կազմում են պաշտպանական և տնտեսական դաշինք, ինչը նպաստում է մեր տարածաշրջանի թռիչքաձև զարգացմանը, քանզի միանգամից կտրուկ մեծանում է արտասահմանյան ներդրումների ծավալը և այլ։ Համաձայնեք՝ տեսականորեն հնարավոր է։ Սիրիայում էլ տեսականորեն ոչինչ չի բացառվում։ Բայց եկեք ելնենք այսօր գոյություն ունեցող իրողություններից։
Իսկ իրողությունն այն է, որ այսօր Դամասկոսում իր իշխանությունն է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որից էլ տվյալ պահին մեծապես կախված են հետագա զարգացումները։ Այս ուժի հետ կապված մասնագետները հիմնականում երեք սցենար են նկարագրում։ Թույլ տվեք խախտել ընդունված ավարդույթը և սկսել ոչ թե վատից, այլ լավից, որովհետև գոնե այս դեպքում լավատեսության համար հիմքեր կան։
Նախ, այս նորերն ի տարբերություն բազմաթիվ զինված խմբավորումների, ունեն ոչ միայն կռվելու, այլև կառավարելու փորձ։ Տարիներ շարունակ Իդլիբի նահանգում գոյություն է ունեցել պետություն պետության կազմում՝ իր բոլոր ինստիտուտներով. կառավարություն, դատական համակարգ, ոստիկանություն, բանակ և այլն։ Երկրորդ՝ այս խմբավորման ղեկավարությունը գոնե մինչև հիմա ոչ միայն որևէ ծայրահեղական հայտարարություն չի արել, այլև մտահոգիչ գործողությունների չի դիմել նույնիսկ նախկինների նկատմամբ։ Պարզապես խոստացել է խիստ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր առնչվել են սպանությունների և կտտանքների հետ։
Վերջապես, ականատեսների վկայությամբ, բնականոն կյանքը այս խմբավորման վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում կարծես թե վերականգնվում է։ Իսկ ապստամբների ղեկավարները հավաստիացրել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաև հայերին, որ բռնաճնշումներ չեն լինելու։ Այսինքն, գոնե առայժմ նկատվում է, որ այս մարդիկ ցանկանում են համագործակցել ամենատարբեր խմբերի հետ՝ հանուն Սիրիայի միասնականության։ Սա լավ սցենարն էր։
Սցենար թիվ երկուս՝ բռնապետության վերականգնում։ Իշխանությունն իրենց ձեռքը վերցրած մարդիկ հետզհետե սկսում են գիտակցել, որ երկրում ու նաև նրա սահմաններից դուրս գործող ուժերը ուզում են ոչ թե միավորվել հանուն ընդհանուր շահերի, այլ հնարավորինս մեծ կտոր պոկել իշխանության կարկանդակից։ Եվ այս դեպքում իշխանությունը պահպանելու և նախատեսված բարեփոխումներն իրականացնելու միակ ճանապարհը ավտորիտար մեթոդներով իշխանության կենտրոնացումն է, ինչպես դա տասնամյակներ շարունակ արել են Ասադները։ Այսինքն, սկսվում է տարբեր երկրների բնակիչներին քաջ ծանոթ մի գործընթաց՝ հին բարքերի դեմ անողոք պայքարի խոստումներով իշխանության հասած ուժերը կամաց-կամաց ավելի ու ավելի են նմանվում նախկիններին, տեղ-տեղ նույնիսկ գերազանցելով նրանց։ Համաձայնեք, բավական տարածված երևույթ է։
Մերձավորարևելյան փխրուն հրադադարը. պատերազմն ավարտվեց, տարաձայնությունները մնացին
Եվ վերջապես երրորդ՝ ամենատխուր սցենարը. քաղաքացիական պատերազմ։ Հիշենք, թե ինչ եղավ, երբ արտաքին միջամտությամբ Լիբիայում տապալվեց Մուամար Քադաֆիի, իսկ Իրաքում՝ Սադամ Հուսեյնի ռեժիմը։ Քաոս, սպանություններ, թալան, անօրինականություն և վերջապես՝ քաղաքացիական պատերազմ։ Վերջերս լրագրողները հարց ուղղեցին հայտնի քաղաքագետներից մեկին. «Հնարավո՞ր է արդյոք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվի»։ Վերլուծաբանը զարմացած պատասխանեց. «Ինչ է նշանակում սկսվի՝ կներեք, բայց Սիրիայում վերջին տասնամյակների ընթացքում քաղաքացիական պատերազմը երբեք չի էլ դադարել»։
Հիմա եթե հարցնեք, թե այս երեք սցենարներից որն է ամենից հավանական, անկեղծորեն կխոստովանեմ՝ 100 տոկոսով համաձայն եմ այն փորձագետի հետ, որն այն հարցին, թե ինչ կարող է պատահել Սիրիայում, շատ կարճ պատասխանել է. «Ինչ ասես»։