ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ՍԱՏՄ–ի աշխատակիցները «Գումի» շուկայում առգրավվել են ոչ թե վաճառակետերի, այլ գյուղացիների ապրանքը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վաճառողներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԱՏՄ տեսուչները «Գումի» շուկայում հայտնաբերել են մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս, որն առգրավել են։
Վաճառողն ասաց, որ այդ ժամին խանութները դեռ բաց չեն եղել, իսկ գյուղացիները բերել էին միսը հանձնելու։
«Նոր տարվա դեմ գյուղացիները մորթել են իրենց անասունին ու բերել շուկա, որ վաճառեն, Նոր տարի անեն։ Իրանց էլ եկել, բռնել են, որովհետև սպանդանոցային մորթի թղթեր չեն ունեցել։ Ինչպես թուրքերը վաղ առավոտյան հարձակվեցին հայերի վրա, այնպես էլ ոստիկանությունը հարձակվեց գյուղացու վրա։ Մի քանի միլիոն դրամի միսը վերցրեցին, տարան, էտ գյուղացին պարտքերի մեջ է հայտնվելու, տոկոսների տակ է ընկնելու»,– ասաց նա։
Վաճառողը փաստեց նաև, որ շատ մարզերում սպանդանոցներ չկան, ուստի գյուղացիները հաճախ միսը սպանդանոց տանելու հնարավորություն չեն ունենում։ Հարցին` արդյոք վաճառողները գնո՞ւմ են արդյոք այդ միսը վերավաճառելու համար, բոլորը պատասխանեցին` ոչ։ Նրանք որպես ապացույց ցույց տվեցին իրենց ապրանքը, որն ուներ տարբերանշան։
Հիշեցնենք` վաղ առավոտից լարված իրավիճակ էր «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով` բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Մսավաճառներն ընդվզեցին, բախում սկսվեց նրանց և ոստիկանների միջև։