ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8–ը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Երբ մսավաճառներն ընդվզեցին, բախում առաջացավ նրանց և ոստիկանների միջև։
«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,– հայտնեց Սարգսյանը։
Նրա խոսքով` ձերբակալվածների վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։