ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Էներգետիկ շուկայի ստեղծման արդյունավետությունն ու արդիականությունը կախված է կողմերի` փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Այս մասին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ շուկայի ձևավորումը գործնականում բախվում է տարբեր դժվարությունների, սակայն համակարգված մոտեցումը և շահերի համակարգումը կօգնեն ամրապնդել էներգետիկ անվտանգությունը և արագացնել ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին համաժողովը կազմակերպելու համար և նշեց , որ ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների տնտեսական համագործակցությանը։
Փաշինյանն ընդգծեց, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը միության հիմնարար սկզբունքն է, հետևաբար համագործակցության արդյունավետության գնահատման առանցքային սկզբունքներից մեկը մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է ԵԱՏՄ մարմիններում հայկական նախագահության առաջնահերթ ուղղություններում:
Այս համատեքստում ՀՀ վարչապետը դրական է գնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) ջանքերը նման խոչընդոտները բացահայտելու և վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ներդրումը նախատեսվում է հետաձգել մինչև 2027 թվականը։