ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսը հնարավոր է համարում համատեղ ջանքերով ԵԱՏՄ երկրների պարենային շուկաներում առկա խնդիրների լուծումը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Շատ ավելի դժվար է առանձին-առանձին հաղթահարել առկա ռիսկերը և մեր երկրների բնակչությանը ապահովել անհրաժեշտ ծավալով ու մատչելի գներով առանցքային պարենային ապրանքներով, քան համատեղ լուծել այդ հրատապ խնդիրը», - նշել է Գոլովչենկոն:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում պարենային ապահովման թեմայի արդիականությունն աճել է։ Առանձին ապրանքների մասով ԵԱՏՄ երկրներում նկատվում է գների զգալի տատանում, կան նաև դեֆիցիտի թեթևակի նշաններ։
Բացի այդ, բելառուսական կողմը կարևորում է ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ծրագրի աշխատանքների ակտիվացումը։
«Արդյունաբերական հատվածի նշանակությունը հասկանալու համար բավական է նայել բացարձակ թվերին. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 1,1 տրիլիոն դոլար», - ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը:
Ռոման Գոլովչենկոն նաև հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին ինտեգրումն արդարացված է, սակայն դեռևս չի հաջողվել հասնել միության հռչակած ամբողջ նպատակներին: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները չեն լուծել իրենց առջև դրված բոլոր հարցերը, մասնավորապես մինչև վերջ չեն հաղթահարել ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ հայացքների բևեռականությունը:
2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարկման մեկնարկից ի վեր սա միջկառավարական խորհրդի թվով 41-րդ հանդիպումն է, որն անցկացվում է Մոսկվայում: Նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանում։ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, իսկ հաջորդ տարի նախագահելու իրավունքը կանցնի Բելառուսին։