ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Երեկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ստացվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի գործունեության կասեցման միջնորդությունը։ Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որոշումը կայացնում է լիցենզիոն հանձնաժողովը, և առաջիկա նիստում լիցենզիայի կասեցման որոշում կկայացվի»,- նշեց նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությանն է ենթարկվել 56-ամյա կին։ Վիրահատությունից հետո պացիենտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ օրեր անց արձանագրվել է կնոջ մահը։ Հարազատները մեղադրում են բժշկին՝ նշելով, որ նա վիրահատություններ է սկսել կնոջ մարմնի միանգամից 5 տարբեր մասերում, ինչի հետևանքով կնոջ սիրտը չի դիմացել։
«Շատ հետևողական ենք լինելու, որ քրեական գործի շրջանակներում բացահայտվի և խիստ պատիժ լինի, եթե կա բժշկական սխալ։ Եվ, իհարկե լիցենզիայի կասեցման առումով ևս հետևողական ենք լինելու, որ կազմակերպությունը կոնկրետ իր բոլոր բացթողումներն ուղղի, նոր շարունակի աշխատել»,- նշեց Ավանեսյանը՝ խոսելով «Արթկոմեդի» դեպքի մասին։
Նախարարը հավելեց՝ դժբախտ պատահարը նշանակում է, որ ոլորտում կա համակարգային խնդիր։ Նախարարությունը գնալու է համակարգային փոփոխությունների՝ խստացնելով վերահսկողությունն ու սահմանված պահանջները։
«Էսթետիկ բուժկենտրոնների մասով Հայաստանում ունենք երկակի իրողություն․ մի կողմից Հայաստանում ունենք ոլորտի բուռն զարգացում, բժշկական տուրիզմում դիրքավորվում ենք որպես պլաստիկ վերակառուցողական բուժօգնություն մատուցող երկիր, մյուս կողմից ունենք կարգավորման առումով որոշակի խնդիրներ։ Դրա բացասական հետևանքն անդրադառնում է ոչ միայն կոնկրետ անձի կյանքի և առողջության, բուժկենտրոնի վրա, այլև ընդհանուր երկրի վարկանիշի վրա»,- նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ առաջին կարևոր քայլը լիցենզիոն տրամադրման պայմանների խստացումն է։ Արդեն իսկ մասնագետների կողմից փաթեթը պատրաստվել է, հիմա շրջանառության համապատասխան փուլեր է անցնում։ Ըստ նրա՝ լիցենզավորման կանոնների փոփոխությունը ենթադրում է որոշակի խելամիտ ժամկետներ սահմանել բուժկենտրոնների համար, որ կարողանան վերափոխել իրենց թե սարքավորումները, թե մասնագիտական պահանջները։
Հստակ սահմանվելու է, թե պլաստիկ վիրաբուժության ծավալներն ինչպիսին պետք է լինեն, այսինքն՝ ինչի իրավունք ունի պլաստիկ վիրաբույժը, ինչինը՝ ոչ։