Այսօր ձերբակալված մսավաճառները ներկայացվել են ՔԿ, իսկ վաճառակետերը փակվել են

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին վերահսկողական գործողություններ է իրականացրել ՍԱՏՄ-ն, ինչի ժամանակ բազմաթիվ մսավաճառներ իրենց դժգոհությունն են հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Գումի» շուկայի հարակից տարածքից ձերբակալված 8 մսավաճառն էլ ներկայացվել են նախաքննական մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմինը պարբերական վերահսկողական գործողություններ է իրականացրել Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում։ Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել էին մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս և առգրավել այն։ Այդ ընթացքում մսավաճառները դժգոհում էին, որ իրենց միսը պետք է ոչնչացվի։
Քիչ առաջ էլ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, թե առավոտյան ժամը 9։30-ից ոստիկանությունում պահվող մսավաճառները բոլոր մինչ այս պահը բաժնում են։
«Ձերբակալված բոլոր անձինք և համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասաց Սարգսյանը։
Սննդի անվտանգության տեսչական մարմինն էլ, որը դեկտեմբերի 13-ին պարբերական վերահսկողական գործողություններ է իրականացրել Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում, հայտնում է, որ այդ կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են։
«Գործողությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մատակարարները չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում