Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ վարչապետը նշեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Մուրադյանը ներկա էր կառավարության այսօրվա նիստին։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին` իր պաշտոնավարման երկու տարվա բարձր վստահության համար և նշեց, որ որքան կարողացել է, ծառայել է ՀՀ–ին։
Մուրադյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ 2023 թ–ի հունվարին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են և նշանակվում են արտահահերթ ընտրություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ Գյումրիում առաջին անգամ իրականացրել են նախնական քվեարկություն` փրայմերիզ, և այս առաջին փորձը նա կարևոր ու շատ հաջողված համարեց։
«Կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ այն համայնքներում, որտեղ մենք չունենք գործող համայնքի ղեկավար, մենք այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը կարծում եմ՝ ժողովրդավարական մի կարևոր ինստիտուտ է, որ ներդնում ենք ՀՀ–ում»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:
Հիշեցնենք, որ որպես Շիրակի մարզպետ` շրջանառվում է Դավթի Առուշանյանի անունը, որը երեկ վայր դրեց ՔՊ խմբակցությունում իր պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք նաև` 3 օր Գյումրիում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։