ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մասին է:
«Ամսական 300 000-ական դրամ աջակցությունը դեռ 2 ամիս էլ կշարունակեն ստանալ անհետ կորածների ընտանիքները։ Դրա համար լրացուցիչ 6,6 մլն դրամի ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կա»,- ասվում է որոշման մեջ։
Այս աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքներին:
Հավելենք, որ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ. 700-ը` առաջին պատերազմից հետո, 300–ը 2020–2023 թթ–ի ընթացքում։