ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին տեղաշարժը մասնակի սահմանափակումներով կլինի մինչև դեկտեմբերի 18-ը, քանի որ հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 77 կմ հատվածում (գ․Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ 50 մետր երկարությամբ հատվածը վարորդները ստիպված կլինեն երթևեկել հետադարձելի երթևեկությամբ (նույն հատվածում տարբեր ժամերին մեքենաները կարող են երթևեկել այս կամ այն ուղղությամբ, - խմբ.):
Կառույցից նաև պարզաբանեցին, որ այդ հատվածով երթևեկության մոտենալու և սկսելու մասին կհուշի հատուկ գծանշումը:
Բացի այդ, գերատեսչությունից վստահեցրին, որ այս պահին այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն ազդում տրանսպորտի երթևեկության վրա, վարորդները ստիպված են լինում մի քանի րոպե սպասել, որպեսզի հանդիպակաց հոսքով հնարավոր լինի երթևեկել: