ՀՀ ղեկավարը թակում է բետոնե պատը. Զուրաբյանը՝ ԵՄ-ին «անդամակցելու» քաղաքականության մասին

Նիկոլ Փաշինյան
Լևոն Զուրաբյանը վստահ է՝ ՀՀ ղեկավարությունը չունի մտածված և ծանրութեթև արված արտաքին քաղաքականություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները թակում են բետոնե պատը՝ կարծելով, թե դա Եվրամիության դուռն է, զուգահեռ էլ սեփական բնակչությանը կերակրում են կեղծ խոստումներով և պատրանքներով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Իշխանությունները թակում են մի դուռ, որն իրականում չկա, բետոնե պատ է, այսինքն` այն երբեք չի բացվի։ Սա ուղղակի պատրանքների «վաճառք է» սեփական բնակչությանը։ Հաշվի առնելով հայկական հանրությունում առկա հակառուսական տրամադրությունները, որոնք առաջացել են ղարաբաղյան իրադարձություններից հետո` իշխանությունները շահարկում են այդ ամենը, որպեսզի ամրապնդեն սեփական իշխանությունն ու Արևմուտքի համակրանքը։ Նրանք նաև հասկանում են, որ Արևմուտքն այդ դեպքում լուրջ PR աջակցություն կապահովի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- ասաց քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը և հռետորաբանությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Զուրաբյանի կարծիքով՝ երկրի ղեկավարությունը չունի մշակված, մտածված և ծանրութեթև արված արտաքին քաղաքականություն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի դեպքում էլ Փաշինյանը դեռ հստակ պատասխան չի տվել, թե իրոք ինչի է ձգտում Հայաստանը։ Զուրաբյանը հռետորական հարց հնչեցրեց՝ եթե Երևանն իրոք ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա արդյոք բոլոր ռիսկերն ու հնարավոր ծախսերը հաշվարկված են։ Նրա խոսքով՝ ժողովրդին ասում են, թե երկիրը գնում է դեպի ԵՄ, այդ ճանապարհին դժվարություններ կլինեն, գազը կթանկանա, բայց արդյունքում «պայծառ ապագա» է սպասվում։ Քաղաքական գործիչը վստահ է՝ ոչ ոք այդ ռիսկերը չի հաշվարկել և ժողովրդին անկեղծորեն չի ներկայացրել իր նկատառումները։
Դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն․ Զուրաբյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին