ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրի վավերացումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. հունիսի 24-ին Երևանում:
«Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը»,– ասված է կառավարության հիմնավորման մեջ:
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի սահմանադրական դատարան:
ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նշենք, որ վերլուծաբանների դիտարկմամբ` Հայաստանի 8.4 մլրդ դոլար արտահանման 21.5 %–ը կամ 1.8 մլրդ դոլարը կազմել է ոսկու արտահանումը, իսկ 7 %–ը կամ 589 մլն դոլարը` ադամանդներինը։ Ընդհանուր առմամբ, արտահանման 28.5 տոկոսը եղել է ոսկու և ադամանդների վերաարտահանում Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ. մեր երկիրը ՌԴ–ից ոսկին ներմուծել և արտահանել է ԱՄԷ և Հոնկոնգ։ Արդյունքում ոսկու և ադամանդի արտահանման հաշվին 2023 թ. ընթացքում ՀՀ–ից արտահանման ծավալներն աճել են 55 տոկոսով։