Գուտերեշին մտահոգում են Սիրիայի ինքնիշխանության խախտումն ու Իսրայելի հարձակումները

Վերջին օրերին Իսրայելի բանակը չեզոք գոտի է գրավել Գոլանի բարձունքում և դրան հարակից մի շարք շրջաններում՝ Սիրիայի հարավում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մտահոգում են Սիրիայի տարածքում իսրայելական հարվածները։ Նա ապաէսկալացիայի կոչ է անում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակին։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին և լայնածավալ խախտումների պատճառով։ Գլխավոր քարտուղարին հատկապես մտահոգում են Սիրիայում մի քանի վայրերի ուղղությամբ իսրայելական հարյուրավոր ավիահարվածները, նա ընդգծում է երկրի բոլոր ճակատներում բռնության ապաէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը»,-ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է Գոլանի բարձունքների չեզոք գոտին և դրան հարող մի շարք շրջաններ Սիրիայի հարավում՝ խախտելով ուժերի սահմանազատման մասին 1974թ.սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Լիբանանի ԱԳՆ–ն դատապարտել է Գոլանի բարձունքների սիրիական հատվածի գրավումը Իսրայելի կողմից