ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երկօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Մեդվեդևը, պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է, որ սիրիական բանակն անգործունակ է, և դա վկայությունն է այն սխալ քայլերի, որոնք արվել են պետության կառավարման ընթացքում:
«Այս ամենի հետևանքները տխուր են, քանի որ, չնայած այն բանին, թե ինչ է հիմա ասվում՝ շատ թույլ են Սիրիայի միասնականության պահպանմանը վերաբերող սպասումները, և բոլոր այն ժողովուրդները, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչները դժվար թե կարողանան շարունակել հետագա համատեղ գոյությունը», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Նրա խոսքով`առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Դրանից հետո Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է անցումային շրջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է, այն կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը: