ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը և նրա հետևում կանգնած ԱՄՆ-ն չարաշահում են Սիրիայում տիրող անկայունությունը:
Կորպուսը ՑԱԽԱԼ-ի հարվածներն ու երկրի հարավում տարածքների գրավումն անվանել է ագրեսիայի աղաղակող ակտ։
ԻՀՊԿ-ում նաև վստահ են, որ ամերիկացիների և իսրայելցիների գործողությունները միայն համախմբում են «դիմադրության առանցքը»:
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է չեզոք գոտին Գոլանի շրջանում և Սիրիայի հարավում դրան հարող մի շարք շրջաններում` այդպիսով խախտելով 1974 թվականի ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին: