Խաղաղության պայմանագիրը դժվար թե խաղաղություն բերի․ Այվազյանը՝ Բաքվի հետ գործընթացի մասին

ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը
Արա Այվազյանի խոսքով՝ Հայաստանի հակառակորդ կողմը կամ կողմերը այլ կերպ են տեսնում խաղաղությունը, որում հայկական կողմի հետաքրքրությունն արտացոլված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե խաղաղության և տարածաշրջանում կայունության հանգեցնի։ Այս մասին «ՀՀ-ն և ՌԴ-ն տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
«Ադրբեջանն ամեն քայլափոխի փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգում և դրանով խափանել կամ ձգձգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Ես այդ պատրանքը չունեմ, թե այդ փաստաթուղթը մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովի մեր տարածաշրջանում։»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հակառակ կողմը կամ կողմերը, յուրովի են պատկերացնում խաղաղությունը, որտեղ Հայաստանը կամ հայկական շահն ընդհանրապես տեղ չեն զբաղեցնում։
Այվազյանը նշեց՝ ցավով է հետևում, որ Հայաստանն այս փոթորկոտ ժամանակներում մտածում է, թե երաշխիքներ պետք չեն, որովհետև իր պնդմամբ՝ հենց իշխանություններն են ասում, որ դաշնակիցներ չունեն, ու սա մտածելու շատ մեծ տեղիք է տալիս։
Անդրադառնալով Բաքվում գտնվող գերիների և ճանապարհների ապաշրջափակման հարցերին, Այվազյանը շեշտեց, որ իր կարծիքով քննարկվել կամ քննարկվում է մի փաստաթուղթ, որն ընդհանրական ձևակերպումներ ունի, հետագայում էլ կներկայացվի որպես խաղաղության պայմանագիր։ Դիվանագետն այդ մասով լուրջ խնդիրներ է տեսնում ու կարծում է, որ դրանք պետք է հասցեագրվեն։ Այվազյանը վստահ է՝ և՛ գերիների, և՛ պատանդների, և՛ ճանապարհների ապաշրջափակման հարցերը շարունակելու են մնալ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
«Ամենակարևոր սկզբունքն էլ այն է, որ չպետք է պարտվողներ և հաղթողներ լինեն, ու միայն մի կողմը չէ, որ պետք է ստանա բոլոր բոնուսները, իսկ մյուս կողմը՝ զիջի, զիջի և զիջի։ Եթե Ադրբեջանը ցանկանար խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, ապա վաղուցվանից կստորագրեր այդ փաստաթուղթը»,- ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։ Նա նաև հայտարարել էր, թե Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին Մալթայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և նախագծի 17 հոդվածից 15-ի շուրջ։