ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հերքում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Մհեր Սեդրակյանի և Հակոբ Հակոբյանի որդիներից գույք նվեր ստանալու և այլ նվիրատվություններից օգտվելու մասին տեղեկությունները:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի և օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Օրաթերթը նաև հայտնել էր, որ այդ ամենի մասին Փաշինյանին ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ իր դեմ պատվիրված արշավ է ընթանում:
«Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրը, իմ մտերիմ ընկերներից է, որի հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ, ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր թե՛ միջնորդավորված, և թե՛ ուղիղ չեմ ստացել: Ըստ այդմ, թե՛ նախկինում, թե՛ ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են»,- գրել է Փամբուխչյանը:
Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ նմանատիպ բոլոր հոդվածներն առնվազն զրպարտություն են, և «սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այդ պատվիրված հոդվածների» հեղինակները պատասխանատվություն են կրելու: