Սիրիայում ժամանակավոր կառավարությունը կձևավորվի մինչև մարտի 1–ը

Որոշումն ընդունվել է զինված ընդդիմության ղեկավարության, ընդդիմադիր «փրկության կառավարության» և կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է անցումային շրջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին նա հայտարարել է Ալ-Հադաս հեռուստաալիքի եթերում։
«Գլխավոր հրամանատարության որոշմամբ մեզ լիազորել են ձևավորելու ժամանակավոր կառավարություն։ Նախնական տվյալներով՝ դա կարվի մինչև 2025 թվականի մարտի1-ը», - ասել է ալ-Բաշիրը։
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է զինված ընդդիմության ղեկավարության, ընդդիմադիր «փրկության կառավարության» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել:
Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: