Ռուսաստանը և Հնդկաստանը հաջողությամբ զարգացնում են ռազմական համագործակցությունը. Բելոուսով

Ռուսական կողմը տրամադրված է Հնդկաստանի հետ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործմանը, նշել է նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռազմական գծով Մոսկվայի և Դելիի փոխգործակցության մակարդակը հաջողությամբ զարգանում է բազմակողմ ձևաչափերով և երկկողմանի հիմքով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհի հետ բանակցությունների ժամանակ։
«Բավարարված ենք Ռուսաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ ձևաչափերում ռազմական փոխգործակցության լավ մակարդակից, առաջին հերթին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության և «SMOA Plus»-ի (ԱՍԵԱՆ–ի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցություն – խմբ.) շրջանակներում», - ասել է Բելոուսովը։
Նա շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Մոսկվա կատարած այցի համար՝ անցկացնելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ երկկողմ կապերի ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում երկու պետությունների ղեկավարների վստահելի հարաբերությունները։
Նրա խոսքով՝ հուլիսին Մոսկվայում և հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումների արդյունքները ծառայեցին հատկապես արտոնյալ ռազմավարական գործընկերության խորացմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:
Հնդկաստանը փորձարկել է մեծ հեռահարության առաջին հիպերձայնային հրթիռը
«Տրամադրված ենք կյանքի կոչելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», - հայտարարել է Բելոուսովը։
Նախարարը նշել է, որ այսօր նախատեսվում է «մանրամասն քննարկել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ փոխգործակցության արդի հարցերը»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրների հարաբերությունները արտոնյալ, ռազմավարական գործընկերության բնույթ են կրում։