ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի և հարակից մի շարք բնակավայրերում ջերմոցային տնտեսությունների ջեռուցման հետևանքով գերազանցվում են գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը: Այս հայտարարությունը տարածել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` արձագանքելով բնակիչների դժգոհություններին։
Մխչյան գյուղի բնակիչներն այսօր փակել էին Արտաշատ-Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը` նշելով, որ արդեն մի քանի օր է` գազի գրասենյակը չի թողնում` ջերմոցային տնեսություններում գազ օգտագործեն, հաշվիչների վրա փականներ են դրել, որպեսզի գազը քիչ մտնի տուն, չկարողանան ջերմոցներում օգտագործել։
«Ջերմոցային տնտեսությունները ջեռուցվում են անվտանգության պահանջների խախտմամբ, ինքնակամ միացումներով։ Ընկերության մասնաճյուղի մասնագետները ձեռնամուխ են եղել իրականացնել ինքնակամ, ապօրինի փոփոխությունների վերացման և սպառման փաստացի ծավալները նախագծով նախատեսված ծավալներին համապատասխանեցնելու աշխատանքներ, սակայն բնակչության շրջանում ի հայտ են եկել դժգոհություններ, որի արդյունքում խոչընդոտվել է վերը նշված գործառույթների իրականացումը»,– նշված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն անվտանգության պահանջների ապահովման և սպառած բնական գազի թերհաշվառման դեպքերը բացառելու նպատակով առաջարկել է խնդրահարույց հարցի կարգավորման համար դիմել իրենց համապատասխան ԳԳ մասնաճյուղերի տարածքային տեղամասեր:
Ընկերությունից ևս մեկ անգամ հիշեցրել են, որ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած բնական գազի սակագների՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար սահմանված է և գործում է արտոնյալ սակագին:
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սահմանված է 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։