ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պետության համար ահաբեկչական սպառնալիքները կանխելու նպատակով կարգադրել է Սիրիայի հարավում ստեղծել «անվտանգության ստերիլ գոտի», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ներկայումս պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտում է իր տեղակայումը չեզոք գոտում և գերիշխող դիրքերում՝ պաշտպանելու Գոլանի բարձունքների բնակիչներին և Իսրայել պետության քաղաքացիներին։ Ես վարչապետի (Բենիամին Նեթանյահուի-խմբ.) հետ միասին հանձնարարել եմ ՑԱԽԱԼ-ին Սիրիայի հարավում ստեղծել զենքից և ահաբեկչական սպառնալիքներից մաքրված անվտանգության գոտի»,-Հայֆայում տեղակայված ռազմածովային ուժերի գոտի այցելության ժամանակ հայտարարել է Կացը։
Նրա խոսքով՝ դա արվում է Լիբանանի և Գազայի հատվածի հետ սահմաններին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը Իսրայելի հանդեպ գոյություն ունեցած ահաբեկչության սպառնալիքը կանխելու նպատակով:
«Մենք Իսրայել պետության նկատմամբ սպառնալիքներ թույլ չենք տա և կգործենք ամբողջ ուժով՝ վերացնելու դրանք», - ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: