ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Սիրիայի դեսպանատան դրոշը փոխարինվել է նորով։
Երեկ հայտնել էինք, որ դրոշը հանվել է դիվանագիտական շենքի դիմացից։
Նոր և հին դրոշների տարբերությունն առաջին հայացքից զգալի չէ` կարմիր հատվածը փոխարինվել է կանաչով, իսկ սպիտակ հատվածի վրայի աստղերը, որոնք նախկինում երկուսն էին, ավելացել են մեկով, կանաչի փոխարեն կարմիր են։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել:
Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: