Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել. Գալստյան

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող ենք մյուս տարվա ընթացքում տեսնել տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչև 0.5 տոկոսն է»,– ասաց ԿԲ նախագահը:
QR ուղետոմսերը 1 ամսվա փոխարեն հնարավոր կլինի օգտագործել 7 օրում. Երևանի քաղաքապետարան
Ինչ վերաբերում է գնաճին ընդհանուր առմամբ, ապա Գալստյանը նշեց, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։
«2024 թ. 4–րդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին»,– ասաց նա։
Գալստյանն ավելացրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 % նպատակի և գների կայունության ապահովման համար։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1–ից։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որով ստացվում է, որ օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ուղևորավարձը կազմում է 120.5 դրամ։
Հավելենք, որ հունվարից Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։