ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում ընդհանրապես ձախողումներ են սկսվել, Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ ականջալուր չեն լինում ԱՄՆ-ի և ԵՄ-ի` խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններին՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Հետախույզ» («Разведчик») ամսագրին տված հարցազրույցում՝ վկայակոչելով ծառայությանը հասանելի տվյալների վերլուծությունը։
«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ–ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում` Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանք ընդհանրապես սկսել են ձախողել»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա բերել է Հարավային Կովկասի և Մոլդովայի օրինակը։
«Տեսեք` Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ) Սաակաշվիլին դեռ բոլորովին վերջերս փողկապն էր կծոտում, արևմտականները չկարողացան խանգարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին։ Գիտակցելով Արևմուտքի նկատմամբ անխոհեմ կողմնորոշման վնասակարությունը` Վրաստանի իշխանությունները որոշեցին գործել ի շահ իրենց և այժմ գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ուլտրալիբերալ օրակարգից, որն անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին։ Մոլդովայում էլ Սանդուի (Մայա) ռեժիմը ընտրություններում հազիվ հասավ ցանկալի արդյունքի ՝ դե ֆակտո արձանագրելով խոր պառակտում մոլդովական հասարակության մեջ»,- նշել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Դրա հետ մեկտեղ, Նարիշկինի խոսքով, հետխորհրդային տարածքը մնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հարձակումների առաջնային ուղղություն, ինչի մասին է վկայում արտաքին հետախուզությունում առկա տվյալների վերլուծությունը:
«Արևմուտքն իր առաջ հավակնոտ նպատակ է դրել՝ խզել մեր երկրների միջև ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև պատմական և հումանիտար կապերը։ Այս մոտեցումը անգլոսաքսոնների հայտնի սկզբունքից է բխում` «Ով ղեկավարում է Եվրասիան, նա տիրում է աշխարհին»։ Թեև նրանց համար «ղեկավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», իսկ հետո իրենց առաջարկել արնաքամ եղած ժողովուրդներին որպես «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, պարզ երևում է ուկրաինական օրինակով», – նշել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում, և համագործակցության երկրների հատուկ ծառայությունների գործընկերներին կոչ էր արել ընդհանուր շահերը պաշտպանելու համար համախմբել ջանքերը։