Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ պարբերաբար ահազանգեր են ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան դպրոցներից մեկի առաջին դասարանցուն դասվարը ծեծել է, ինչի մասով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է կրթության տեսչական մարմին, ոստիկանություն և դատախազություն։
Նշվում է, որ գերատեսչությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։
Sputnik Արմենիային գերատեսչությունից նշեցին, որ դեպքը վերջերս է եղել, բայց դեռ չեն ցանկանում հանրայնացնել, թե որ հաստատության մասին է խոսքը, քանի որ ուժի մեջ մտած դատարանի վճիռ առայժմ չկա։
«Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունում նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են համարում։ Վստահեցնում են՝ հետևողականորեն են լինելու ու աշակերտներին բռնության ենթարկող մանկավարժներին հետագա մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու հայցերով դիմելու են դատարան։
ԿԳՄՍՆ-ից նշում են նաև, որ համաձայն իրենց ուղղված դիմումների՝ բռնության դեպքերն առկա են ինչպես երեխաների միջև, այնպես էլ ուսուցիչ-սովորող փոխհարաբերություններում, որի մասին հաճախ տեղեկացված են լինում ուսումնական հաստատության աշխատակիցները, սովորողները և ծնողական համայնքի ներկայացուցիչները:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտները դասադուլ են անում
«Նախարարությունը նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակում՝ երեխայի կրթության իրավունքի ապահովման առումով ծնողների պարտավորություններն առավել հստակեցնելու և այդ հարցերում հետևողական չլինելու պարագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ընդգծում են՝ ուսումնական հաստատությունը պետք է սովորողների համար հանդիսանա ապահով և անվտանգ միջավայր, ուստի հորդորում են զերծ մնալ բռնության ցանկացած տեսակի դրսևորումից։