ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները` Թեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում առաջացած ճգնաժամին։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի իրավիճակի կայունացմանը։ Ալիևը նաև հայտարարել Է հումանիտար հարցերի լուծմանը միանալու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել:
Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: