ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Դվուլուչնոյե գյուղի հատվածում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա ուկրաինական դրոնից պայթուցիկ սարք նետելու հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Մարդատար ավտոմեքենայի վրա ուկրաինական ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վիրավորվել է 3 մարդ՝ 2 կին և 1 տղամարդ, որոնք ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ: Շտապօգնության միջոցով նրանք տեղափոխվել են Վալույսկի կենտրոնական հիվանդանոց»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը մանրամասնել է, որ վնասվել է նաև տրանսպորտային միջոցը:
Շեբեկինո քաղաքում FPV ԱԹՍ–ն պայթել է ձեռնարկության կայանատեղիում, ինչի հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա։
«Շեբեկինոյի շրջանի Մուրոմ գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել է առանձնատան պատը», - հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։