Թեման նուրբ է․ Վարդանյանը՝ ընտրության ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու մասին

ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ օրինագիծը չեն պատրաստվում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում արտակարգ դրություն հայտարարելու մասին աշխատանքային խումբը դեռ պետք է քննարկումներ անցկացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընդգրկված է եղել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը՝ ընտրությունների ժամանակ արտակարգ դրության հայտարարելը։
Ըստ նախագծի՝ եթե քվեարկության ընթացքում (մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը) արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։
«Ե՛վ արտահերթ նիստի ժամանակ, և՛ հանձնաժողովում արտակարգ և ռազմական դրության հետ կապված բոլոր վիճահարույց դրույթները քննարկվել են և հանվել։ «Արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրությունը» և ընտրական օրենսդրության հետ փոխկապակցվածությունը պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Մենք այն կքննարկենք, երբ նախագիծը պատրաստ լինի։ Ժամկետներ չկան, բայց մենք այժմ պայմանավորվել ենք, որ աշխատանքային խմբի աշխատանքները հետագայում շարունակվելու են, թեման նուրբ է»,- նշեց Վարդանյանը։
Վարդանյանը շեշտեց՝ պետք է գտնել այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացու քվեն, որպեսզի այն որևէ պարագայում չտուժի արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում
ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ որևիցե մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում։ Նրա խոսքով՝ հարցը սկսել է քննարկվել, քանի որ նախկինում բախվել են դեպքերի, երբ ընտրական գործընթացներին զուգահեռ ՀՀ սահմանին ոչ անվտանգ իրավիճակ է ձևավորվել։