ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, վարչապետ կլինի Մուհամեդ ալ-Բաշիրը, որը կձևավորի երկրի անցումային կառավարությունը:
Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Իսկ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ էլ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը ՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: