«Նուբարաշեն» ՔԿՀ–ի նախկին աշխատակիցը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել խոշտանգման համար

Դատարան
ՔԿՀ–ի աշխատակիցը 2018 թվականի մարտի 16-ին խոշտանգել է մեղադրյալին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի նախկին աշխատակիցը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել մեղադրյալին խոշտանգելու համար։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և բավարարել դատախազի` պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Մ.-ին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործով դատախազը միջնորդել էր դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյա Ա.Մ.-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանց կողմից խոշտանգում կատարելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 7 տարի ժամկետով:
Ա.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 30-ից զբաղեցնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր մեղադրյալ Ա.Ա.-ին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: