ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց չի տեսել արցախցիների մասին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի գրառումները։
Նշենք, որ միառժամանակ առաջ Ալեքսանդր Սիրունյանը բարեվարքությանը հակասող, հակաարցախյան գրառումներ էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Դրանցից մեկում նա նեղսրտել էր, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով դոմիկներ են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։
Հիմա նա ջնջել է այդ գրառումները։
«Ցանկացած անձ իրավունք ունի խոսքի և կարծիք արտահայտելու ազատության, ցանկացած իրավունք ենթադրում է որոշակի սահմանափակումներ։ Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, թե ինչ անձ ենք ցանկանում տեսնել դատական իշխանությունում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ) և այլ ինքնավար մարմիններում։ Պետք է արժեքային մոտեցում ցուցաբերենք։ Մենք ամեն ինչ ի գիտություն ենք ընդունում։ Բարեվարքությունը ԿԿՀ-ն կներկայացնի, դա էլ ի գիտություն կընդունենք, դա էլ խորհրդատվական փաստաթուղթ է»,- նշեց Վարդանյանը։
Անդրադառնալով հարցին, որ Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ կուսակցության անդամ է, Վարդանյանը վստահեցրեց՝ դա խոչընդոտ չէ։ Ընդգծեց՝ դատական իշխանության այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար կուսակցական լինելը խոչընդոտ կարող է լինել միայն կոմունիստական, հետամբողջատիրական երկրներում։
Նաև տեղեկություններ կան, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ընտրությունը կայացնում է թեկնածուին լսելուց հետո։ Նա պետք է սահմանադրորեն հանդես գա ԱԺ-ի առջև, ստանա պատգամավորների անհրաժեշտ մեծամասնության քվեն, հետո միայն աշխատանքի անցնի»,- նշեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշվել է ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սինունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Նոյեմբերի 27-ին էլ ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրեց Սիրունյանի թեկնածությունը։
Մինչ այդ էլ՝ հոկտեմբերին, նա ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուներից էր, սակայն վարչության նիստում Սիրունյանն առհասարակ քվե չէր ստացել։