Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը

Գոլանի բարձունքներ
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները՝ Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը համարելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս մասին ասվում է Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի չեզոք գոտու և հարակից հրամանատարական կետերի գրավումը», - ընդգծել է նախարարությունը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելը կձգտի բարեկամական հարաբերություններ ունենալ Սիրիայի նոր իշխանության հետ. վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:
Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։
Իսրայելական ԱԹՍ–ն հրթիռ է արձակել Լիբանանի բանակի դիրքերի մոտ գտնվող մեքենայի ուղղությամբ