Աշխարհի հայտնի թանգարաններից «ամենահայկականը» նշեց 260-ամյակը. ՀՀ-ում դա անարձագանք մնաց

Մեր պատմական և մշակութային արժեքների հանրահռչակումը աշխարհի տարբեր երկրներում առանձնապես կարևոր է հենց հիմա, երբ Արցախում ոչնչացվում կամ անճանաչելիորեն վերափոխվում են մեր պատմական հուշարձանները։
Sputnik
Ուղիղ 260 տարի առաջ՝ 1764 թվականի դեկտեմբերին, Ռուսաստանի կայսրուհի Եկատերիկա երկրորդը Բեռլինում ձեռք բերեց մոտ երկու հարյուր կտավ, և հենց այդ հավաքածուն հետագայում դարձավ Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային պալատում այժմ գործող աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի հիմքը։ Ավելին, քչերը գիտեն, որ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գործում են Էրմիտաժի, այսպես ասած, արբանյակ-կենտրոնները։ Օրինակ, Ֆերրարա քաղաքում դեռ 2007 թվականին հիմնվել է «Էրմիտաժ-Իտալիա» գիտամշակութային կենտրոնը, իսկ 15 տարի առաջ Նիդեռլանդներում բացվել է «Էրմիտաժ-Ամստերդամը»։ Հաշվի առնելով այս ամենը, շատ տրամաբանական է հնչում այն հարցը, որը մի քանի օր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի թղթակիցը հասցեագրել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Պիոտրովսկուն. «Դուք ծնվել եք Երևանում, Երևանի պատվավոր քաղաքացի եք, ձեր մայրը՝ հայտնի արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյանը, ազգությամբ հայ է, բա ինչո՞ւ Երևանում չկա «Էրմիտաժ-Հայաստան» կենտրոն»։
Տարօրինակ փորձարկումները շարունակվում են. այս անգամ փորձադաշտը Գյումրին է լինելու
Համաձայնե′ք, իրոք հետաքրքիր հարց է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Միխայիլ Պիոտրովսկու հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, որը նույնպես երկար տարիներ ղեկավարել է Էրմիտաժը, ժամանակին կնոջ հետ պեղումներ է իրականացրել Կարմիր բլուրում, իսկ տասնամյակներ առաջ Էրմիտաժի տնօրենն է եղել հայտնի հայ արևելագետ և հնագետ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։
Եվ պատահական չէ, որ որոշ մասնագետներ ասում են. «Հայաստանի պատմությունն ու մշակույթը աշխարհի բազմաթիվ երկրների հայտնի թանգարաններում և պատկերասրահներում է ներկայացված, բայց դրանցից «ամենահայկականը» էրմիտաժն է։ Ի դեպ, տարիներ առաջ՝ դեռ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք, որոշվել էր պարբերաբար Էրմիտաժի օրեր անցկացնել նաև Հայաստանում, իսկ արդեն նոր իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց թանգարան բացել Կարմիր բլուրում։ Անցան տարիներ։ Ո′չ Էրմիտաժի օրերն են նշվում Երևանում, ո′չ էլ թանգարան կա Կարմիր բլուրում։
Իսկ «Էրմիտաժ-Հայաստան» կենտրոն բացելու մասին ռուսաստանցի լրագրողի հարցին Միխայիլ Պիոտրովսկին այսպես պատասխանեց.
«Մեզ մոտ՝ Էրմիտաժում, Ուրարտուի մշակույթի և արվեստի սրահում գործում է Երևանի «Էրեբունի» թանգարանի անկյունը։ Այնտեղ այն քարն է, որի վրա փորագրված է, որ Արգիշտի ուրարտական թագավորը կառուցեց հզոր ամրոց և անվանեց այն Էրեբունի։ Ժամանակին հայրս, որի համար Ուրարտուի հետ կապված ուսումնասիրությունները կյանքի շատ կարևոր մասն էին, պեղումներ էր կատարում Երևանի մոտ գտնվող Կարմիր բլուրում և աշխարհի առջև բացահայտեց Ուրարտուի պատմությունն ու Թեյշեբաինի հինավուրց քաղաք-ամրոցը։ Եվ մենք հիմա ուզում ենք, որ Երևանի «Էրեբունի» թանգարանում էլ բացվի մեր Էրմիտաժի անկյունը։ Մենք գտել ենք այն սխեման, որով այս նախագիծը կաշխատի», հավաստիացրել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը՝ ավելացնելով. «Բայց ամեն ինչ չէ, որ հեշտ է, մանավանդ ներկա իրավիճակում։ Մեզ պետք է ցանկանան տեսնել Երևանում, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- փաստել է Միխայիլ Պիոտրովսկին։
Ի դեպ, 80-ամյա Պիոտրովսկին վերջերս ակնարկել է, որ առաջիկայում Էրմիտաժի ղեկավարության փոփոխություն է սպասվում, և համեմատել է իրեն ամերիկյան ամենահայտնի մշակութային օջախներից մեկի ղեկավարի հետ՝ ասելով.
«Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Գլեն Լոուրին նույնպես երեսուն տարուց ավելի է մնում այդ պաշտոնում, և այնտեղ էլ փոփոխություններ են սպասվում»։
Որոշ փորձագետներ պնդում են, որ Պիոտրովսկու այս խոսքերը չի կարելի միանշանակ մեկնաբանել որպես Էրմիտաժի տնօրենի պաշտոնից հեռանալու ցանկություն, բայց բոլոր դեպքերում, համաձայնե′ք, արժե լրջորեն մտածել՝ եթե մենք աշխարհի ամենահայտնի մշակութային օջախներից մեկի հետ ակտիվորեն համագործակցելու տեսանելի ձգտում չենք ցուցաբերում հիմա, երբ մասնագետներն Էրմիտաժը համարում են, այսպես ասած, «հայկական թեքումով» թանգարան, բա ի՞նչ է լինելու, երբ այդ պաշտոնին, որը վերջին մոտ 100 տարվա ընթացքում զբաղեցրել են Հովսեփ Օրբելին և Բորիս ու Միխայիլ Պիոտրովսկիները, նշանակվի մի մարդ, որն ընդհանրապես երբեք առնչություն չի ունեցել հայերի, նրանց պատմության և մշակույթի հետ։
«Կյանքն այնքան էլ բարդ բան չէ». մարդ, որի հետ կապված ամեն ինչ վիճահարույց է
Չէ՞ որ մեր պատմական և մշակութային արժեքների հանրահռչակումը աշխարհի տարբեր երկրներում առանձնապես կարևոր է հենց հիմա, երբ Արցախում ոչնչացվում կամ անճանաչելիորեն վերափոխվում են մեր պատմական հուշարձանները, իսկ Բաքվից ավելի ու ավելի հաճախ են հնչում այն հայտարարությունները, թե Հայաստանը պարզապես Արևմտյան Ադրբեջանն է, որտեղ իբր անհիշելի ժամանակներից հազարամյակներով ապրել են ադրբեջանցիները։ Իսկ մեր ղեկավարներն օլիմպիական հանգստությամբ արձագանքում են. «Մենք էլ «Արևմտյան Հայաստան» ենք ասում։ Ի՞նչ է եղել որ»։