«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել. նա մեծ քանակի դեղեր էր ընդունել

«Արաբկիր» ԲԿ
Երեխային սկզբում տարել են Ալավերդու հիվանդանոց, ապա տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել, որը տանը մեծ քանակի դեղեր էր ընդունել։ Տեղեկությունը հայտնում է բուժհաստատության մամուլի ծառայությունը։
«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց։ Այնտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր»,- ասված է հաղորդագրությունում։
«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։
Ըստ ԶԼՄ–ների` մահացած երեխան տղա է։ Նա տարբեր տեսակի 25 դեղահաբ է խմել, Ալավերդու հիվանդանոցից «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 4-ին, մահացել է երեկ` դեկտեմբերի 8-ին։