ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր Դոհայում բանակցություններ է վարել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
Նշվում է, որ նախարարները հանդիպել են Կատարի մայրաքաղաքում` Դոհայի համաժողովի շրջանակներում:
«Ֆիդանն ու Արաղչին մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Հանդիպումը կառուցողական և համապարփակ է եղել»,-հայտնել է աղբյուրը։
Նախարարները քննարկել են նաև թեմաներ, որոնք առանցքային կլինեն Աստանայի գործընթացի շուրջ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարների` այսօր նախատեսվող հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: