ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում է։ Տեղեկությունները, թե Սիրիայի առաջնորդը լքել է երկիրը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի նախագահի գրասենյակին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ օտարերկրյա պաշտոնյաներն Ասադին առաջարկել են լքել երկիրը: Նշվում էր, որ նրա ընտանիքն արդեն հեռացել է Սիրիայից։
«Որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ բամբասանքներ և կեղծ լուրեր են հաղորդում այն մասին, որ նախագահ Բաշար Ասադը լքել է Դամասկոսը, կամ այս կամ այն երկիր նրա գաղտնի այցերի մասին։ Նախագահի գրասենյակը հերքում է այդ բոլոր լուրերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացել են «Աստանայի եռյակի» բանակցությունները, որոնց արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, ինչպես նաև հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: